Թումանյանական հեքիաթի օր - Դսեղ

Վերնագիրն արդեն իսկ խոսուն է, ինչ խոսք, ու միայն միջոցառման անունը լսելով` մարդ չի կարողանում անտարբեր մնալ ու շտապում է դեպի Դսեղ. Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայր: Չեմ կարծում, որ կլինի մարդ, որն անտարբեր է Թումանյանի կամ նրա ստեղծագործությունների, կամ ընդհանրապես նրա կյանքի նկատմամբ... ինչևէ, տարիներ շարունակ լսում էի սույն միջոցառման մասին դրա ավարտից հետո միայն ու այս տարի հնարավոր եղավ այցելել ու անձամբ ներկա լինել դրան:

Անկեղծորեն պետք է ասեմ, որ սպասելիքներս չարդարացան, քանի որ չտեսա կազմակերպման կամ ջանացավության որևէ տարր... Թումանյանի արձանի դիմացի հատվածը պետք է ծառայեր որպես բեմահարթակ, սակայն այն գոնե ձևի համար մաքրված չէր, հանդիսատեսները համապատասխանաբար պետք է կանգնեին հարթակի ներքևի մասում, որպեսզի բեմը բեմ լիներ, սակայն բացի բեմն ազատելու մի երկու հուսահատ խնդրանքից, որևէ գործողություն կամ քայլ չարվեց այդ ուղղությամբ ու բոլորը մնացին բեմահարթակի վրա` այնտեղ, որտեղ քիչ անց, խցկված վիճակում, փորձում էին պարի համարներ ցուցադրել մի քանի համույթներ...

Ողջ ընթացքում դադարներով էր աշխատում նաև տեխնիկան, որը բարձր երաժշտություն ու բարձրախոս պետք է ապահովեր... պարերից մեկի ընթացքում այն իսպառ կտրվեց և պարուհիները ստիպված համարն ավարտեցին հանդիսատեսների սատարող ծափերի ներքո...

Մի խոսքով, ոչ Թումանյանը, ոչ իր ստեղծագործություններն այս վերաբերմունքին արժանի չեն: Նրանցով մենք սերունդներ ենք դաստիարակել ու դեռ պետք է շարունակենք նույն ոգով, առավել ևս որ ավելի լավ բան դեռ չենք ստեղծել, բայց...

Միգուցե խնդիրն այնքան էլ նեղսրտելու առիթ չտար ընդհանուր անտարբերության ու անհավեսության ֆոնի վրա, եթե հրավիրված չլինեին Ուկրաինայի, Վրաստանի, Իրանի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի տիկնիկային թատրոնների ներկայացուցիչներ ու արվեստագետներ: Հրավիրյալների պատրաստվածության աստիճանից կարելի էր ենթադրել, որ գոնե նրանք լուրջ են վերաբերվել միջոցառմանն ու կտրել անցել են այդքան ճանապարհ հավուր պատշաճի ներկայանալու նպատակով: Ավաղ, հյուրընկալողը երևի չէր սպասում, որ մեզ դեռ ինչ որ տեղ լուրջ են ընդունում...

Նախորդ տարիների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ անձամբ ներկա չեմ եղել, բայց հաջորդ տարվա համար հիմնավոր կասկածներ ունեմ, որ կունենանք նույն ոգևորությամբ մասնակցելու ցանկություն ունեցող արտասահմանյան հյուրեր: Կորսված հնարավորություններ, որոնք, որպես կանոն, ստեղծվում են մեծ ջանքերի, դժվարությունների ու ժամանակով փորձված վաստակի միջոցով...



















 

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete

Note: Only a member of this blog may post a comment.